BMBF-ի կողմից ֆինանսավորվող Կովկասյան կյանքի շտրիխ կոդ (CaBOL) նախագիծը նպատակ ունի ստեղծել Կովկասի բազմաթիվ կենդանիների և բույսերի տեսակների կատալոգ: Կովկասի տարածաշրջանը մեր մոլորակի կենսաբազմազանության ամենահարուստ կետերից մեկն է, որը պարունակում է հսկայական քանակությամբ կենդանական և բուսական տեսակներ: Այս տեսակների ԴՆԹ-ի շտրիխ կոդերը կպահվեն տեղեկատու տվյալների բազայում և հասանելի կդառնան հանրությանը: Ի սկզբանե, ծրագրի ուշադրությունը կենտրոնացած էր տեսակներով հարուստ հարավ-արևմտյան Կովկասի, Վրաստանի և Հայաստանի երկրների վրա: Հիմնվելով GBOL և GGBC ծրագրերի շրջանակներում ձեռք բերված փորձի վրա, CaBOL-ը կդառնա կենսաբազմազանության հետազոտությունների կիրառման հարթակ և հետագայում էլ ավելի կընդլայնի կրթական ենթակառուցվածքները Կովկասի տարածաշրջանում:
CaBOL-ը համագործակցային նախագիծ է Հայաստանի, Վրաստանի և Գերմանիայի գործընկերների մասնակցությամբ, մասնավորապես Վրաստանի գյուղատնտեսական համալսարան /Թբիլիսի/, Իլիայի պետական համալսարան /Թբիլիսի/, Գեորգ-Օգոստ-համալսարան /Գյոտինգեն/, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն /Երևան/, Կոբլենց-Լանդաուի համալսարան, Երևանի պետական համալսարան և Ալեքսանդր Կոենիգ կենդանաբանական հետազոտությունների թանգարան։ Նախագծին լրացուցիչ աջակցում են նաև այլ ինստիտուտների բազմաթիվ գործընկերներ:
ԴՆԹ-ի շտրիխ կոդերի հուսալի տեղեկատու բազա ստեղծելու համար Հայաստանի և Վրաստանի տարբեր բնակավայրերից իրականացնում են կենդանիների և բույսերի հավաք և նույնականացում: Արդյունքում ստացված ԴՆԹ-ի շտրիխ կոդերի հիման վրա կարելի է կառուցել ապագա ծրագրերի լայն շրջանակ, որոնց բոլորի համար ընդհանուր է տեսակների արագ և ճշգրիտ նույնականացումը: Վերջինս հավասարապես կնպաստի նաև նոր տեսակների հայտնաբերմանը: Տեսակների կատալոգը, որը հիմնված է ԴՆԹ-ի շտրիխ կոդերի վրա, թույլ է տալիս արդյունավետորեն հայտնաբերել տարբեր մարզերի և բնակավայրերի կենսաբազմազանության տարբերությունները (նաև ժամանակի ընթացքում): Այս տվյալները, ԴՆԹ-ի շտրիխ կոդերի հետ միասին, կխթանեն կովկասյան կենսաբազմազանության հետազոտությունը որպես ամբողջություն: Որպես շտրիխ կոդավորման կարևոր լրացում, CaBOL-ը ներդրումներ է կատարում հեռազննման տեխնոլոգիաների և նրանց հետ կապված տվյալների մշակման համակարգերի մեջ: Անհատական տեսակների տարածաշրջանային գույքագրմանն ուղղված լրացուցիչ քայլով`ցուցանիշային փոփոխականները հետագայում գրանցվում են GIS-ի (Աշխարհագրական տեղեկատվական համակարգ) և հեռազնման միջոցով և փոխկապակցվում են ուսումնասիրված տեսակների առկայության հետ: Շտրիխ կոդերի շտեմարանը տարրական քայլ է դեպի CaBOL ծրագրի երկարաժամկետ նպատակը. Կովկասում միջազգային կենսաբազմազանության կենտրոն հիմնելը: Այս կենտրոնի նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը, բարելավել գիտական ենթակառուցվածքները, զբաղվել Կովկասի կենսաբազմազանության կրթությամբ և հետազոտություններով, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել դրա կայուն օգտագործման վերաբերյալ: CaBOL-ի միջոցով ստեղծված ենթակառուցվածքն ապահովում է գիտական դասընթացներ Կովկասում ժամանակակից մեթոդների վերաբերյալ և դրանով ուժեղացնում է սոցիալական և տնտեսական զարգացումը շատ հարուստ և միևնույն ժամանակ վտանգված կենսաբազմազանության տարածաշրջանում: